23/08/2016 16:31
ԶԼՄ. Քրդերը գերի են վերցրել 230 սիրիացի զինվորի և աշխարհազորայինի
Քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված կազմավորման հետ համատեղ Էլ-Հասաքե քաղաքից 10 կիլոմետր արևելք ընկած շրջանում գերի են վերցրել 230 սիրիացի զինվորների և սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քրդական ANFNews լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել էր կառավարական զորքերի զինծառայողներին և աշխարհազորայիններին շրջապատել Էլ-Հասաքեի արևելյան մասում՝ Քոուքաբ բարձունքի շրջանում: Մեկօրյա դիմադրությունից հետո 230 զինծառայողներն ու աշխարհազորայինները հանձնվել են:
Սիրիական բանակի հրամանատարության կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:
Էլ-Հասաքե քաղաքում քրդական ջոկատների և կառավարական զորքերի միջև մարտերն սկսվել էին օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա և փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված կազմավորումների դիրքերին: