23/08/2016 11:02
Վարդան Օսկանյանն ակտիվ ստվերային բանակցությունների մեջ է Արթուր Բաղդասարյանի հետ
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում չի պատրաստվում ավագանու անդամների թեկնածուների սեփական ցուցակն առաջադրել և փորձում է շահավետ ձևով իր «աջակցությունն» իրականացնել։ Օրերս հայտնի է դարձել, որ «Համախմբումը» Գյումրիում խոստացել է սատարել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ նախկին ՕԵԿ-ին։
Գյումրի ավագանու թեկնածուների վերածնված ՕԵԿ-ականների ցուցակը գլխավորելու է Հովհաննես Մարգարյանը։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ մինչ այս, «Համախմբումը» Գյումրիում ակտիվ բանակցել է «ԳԱԼԱ» կուսակցության հետ։ Մի պահ նույնիսկ տպավորություն է ստեղծվել, որ այդ երկուսի միջև շուտով համաձայնություն կկայանա, և նրանք դաշինք կկնքեն: Այս գործին փոքր-ինչ խանգարել է այն փաստը, որ «Գալա» հեռուստաընկերության հիմնադիր և համանուն կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը միաժամանակ հանդիսանում է նաև «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահը։
«Նկատենք, որ «համախմբման» առաջնորդ Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարում նախկին ՕԵԿ-ի, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ ակտիվ ստվերային բանակցությունների մեջ է։ Նույնիսկ բացառված չէ, որ խորհրդարանական ընտրություններին նրանք որոշեն միասին՝ մեկ ընդհանուր ցուցակով մասնակցել»,- ավելացրել է թերթը։