23/08/2016 13:12
Զիկա վիրուսով վարակվածների թիվը Մեքսիկայում գերազանցում է 1880-ը
Մեքսիկայում առնվազն 1880 մարդ վարակված է Զիկա վիրուսով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությունը:
Իշխանությունների տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության 265 դեպք: Ամենամեծ թվով վարակվածները՝ 558 մարդ, Գերրերո նահանգում են:
Զիկա վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել1947 թվականին՝ Ուգանդայում, և բոլորովին վերջերս համարվում էր անվտանգ մարդկության համար: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընթացիկ տարվա փետրվարի 1-ին վիրուսի տարածումը միջազգային մասշտաբի վտանգ է ճանաչել:
Գիտնականները կարծում են, որ Զիկա վիրուսը հղիների մոտ պտղի զարգացման տարբեր խնդիրներ է առաջացնում: Դրանցից ամենածանրը համարվում է միկրոցեֆալը, որի հետևանքով երեխայի մոտ գանգի չափերի խախտումներ են լինում, տկարամտություն, տեսողության ու լսողության խնդիրներ: