23/08/2016 12:15
15 տարվա ընթացքում առաջին անգամ Հարավային Կորեայում խոլերայի դեպք է գրանցվել
Հարավային Կորեայում 15 տարվա ընթացքում առաջին անգամ խոլերայի դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն:
Հիվանդը 59 տարեկան է և դուրս չի եկել Հարավային Կորեայի տարածքից: Ստացվում է խոլերայի վարակման աղբյուրը գտնվում է հենց հանրապետությունում:
Ինչպես նշում է գործակալությունը՝ խոլերայի ախտորոշումը հաստատվել է օգոստոսի 22-ին: Հիվանդն արդեն կազդուրվում է և պատրաստ է հիվանդանոցից դուրս գրվել: Նրա կինն ու երկու երեխաները առողջության հետ կապված խնդիրներ չունեն:
Նշենք, որ 2001 թվականին Հարավային Կորեայում 162 մարդու մոտ խոլերա է ախտորոշվել: Դրանից հետո նման հիվանդություն չի գրանցվել երկրում, բացառությամբ հարավկորեացիների արտերկիր մեկնելու և այնտեղ վարակվելու դեպքերի: