24/08/2016 16:21
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» մրցույթը
Beeline-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։
«Հեքըթոն» մրցույթում հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:
Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ։
Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։
«Հեքըթոն» մրցույթում գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։