24/08/2016 13:48
Չի բացառվում, որ նման հեղեղների դեպքում իրավիճակը կկրկնվի. Արթիկի քաղաքապետը՝ հունիսյան ջրհեղեղի մասին
Արթիկում այս տարվա հունիսին տեղի ունեցած ջրհեղեղն աննախադեպ էր և հիմա տարվում են ավելի լուրջ մասնագիտական հետազոտություններ՝ ապագայում նման աղետներից խուսափելու համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
«Ջրհեղեղը առաջացել է սելավատարի խցանման հետևանքով: Աղետն աննախադեպ ծավալների է եղել և չի բացառվում, որ նման հեղեղների դեպքում իրավիճակը կրկնվի: Ամեն դեպքում, հարցը ներկայացված է կառավարությանը: Վերջինիս հատկացված գումարով հեղեղատարի մաքրման աշխատանքներն արդեն ավարտված են», - ասաց Ա.Աբրահամյանը:
Իր հերթին ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության վարչական վերահսկողության ու համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանն ընդգծեց, որ կառավարությունը երկու փուլով գումար է տրամադրել բնակչությանը աջակցություն ցույց տալու նպատակով:
«Առաջին որոշմամբ՝ շուրջ 42 միլիոն դրամ գումար հատկացվեց այն բնակիչներին, որոնք կրել էին բնակարանի, ցանկատարածքի և կենդանիների վնաս: Երկրորդ որոշմամբ՝ լրացուցիչ 3 միլիոն 800 հազար դրամ գումար հատկացվեց 7 քաղաքացու», - նշեց նա:
Ա.Սողոմոնյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան է պատճառված վնասի ընդհանուր չափը: «Ինձ աղետի վնասների մասին կոնկրետ թիվ հայտնի չէ: Միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չկա մասնագիտական եզրակացություն այն մասին, թե արդյոք աղետի հարցում ֆիզիկական կամ մարդկային գործոնը առկա է եղել: Ինչ վերաբերում է բնակիչներին տրամադրված գումարներին, ապա կարող եմ ասել, որ դրանք ոչ թե փոխհատուցում են եղել, այլ նրանց պատճառված վնասը մեղմելու համար կառավարության կողմից տրամադրված աջակցություն», - հայտարարեց նա: