24/08/2016 14:00
Թուրքիայում առավել քան երբևէ խոսքի ազատությունը ճնշման տակ է. Հայերը խիստ զգույշ են այս հարցում. Բագրատ Էստուկյան
Ստանբուլում լույս տեսնող «Ակօս» երկլեզու պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակին։
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ չստացված հեղաշրջման փորձից շուրջ մեկ ամիս հետո երկրում շարունակում է տիրել անկայուն վիճակ: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչներ, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
- Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո, հիմա ի՞նչ վիճակ է երկրում՝ մասնավորապես լրատվական դաշտում:
- Բարեբախտաբար, հեղաշրջումը անհաջող էր: Իհարկե, Էրոդղանի կառավարությունը որակում են որպես բռնատիրություն, սակայն, եթե ռազմական հեղաշրջման փորձը հաջողվեր, շատ ավելի վատ պատկեր կունենայինք հիմա Թուրքիայում: Թուրքիայում մամուլը միշտ եղել է խիստ ճնշման տակ, խոսքս, իհարկե, ընդդիմադիր մամուլի մասին է: Այսօր բազմաթիվ լրագրողներ են գտնվում բանտերում՝ իրենց գրածների պատճառով: Սակայն, չստացված հեղաշրջման փորձը էլ ավելի սրացրեց իրավիճակը: Այն մեր աշխատանքի վրա բացասական ազդեցություն ունեցավ: Տեղի ունեցածը բացասական ազդեցություն ունեցավ կարծիքի ազատության վրա: Օրինակ, մեկ շաբաթ առաջ կարևոր քրդական թերթի հրապարակումը արգելվեց, իսկ աշխատակազմը բերման ենթարկվեց, հետո շատերին ազատ արձակեցին: Ձերբակալել են նաև հայտնի կին գրականագետ Ասլի Էրդողանին: Մենք, իհարկե, որևէ ճնշման ենթակա չենք, բայց խիստ զգուշորեն ենք ընտրում և հրապարակում բոլոր մեր նյութերը: Թուրքիայում հիմա, առավել քան երբևէ, կարծիքի, գաղափարի և խոսքի ազատությունը ճնշման տակ է:
- Խոսվում է այն մասին, որ ծագումով հայ լրագրողներին թույլ չի տրվում երկիրը լքել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:
- Հստակ հրապարակված նյութ չկա այդ մասին: Կարող եմ զուտ միայն մեկ արձանագրված դեպք նշել, խոսքս վերաբերում է ծագումով հայ ընդդիմադիր սյունակագիր Հայկո Բաղդատին: Այդ դեպքերի ժամանակ արտասահմանից վերադառնալիս նրանից վերցրել են անձնագիրը, հետո վերադարձրել: Հիմա կասկածելի է՝ նա կկարողանա՞ երկրից դուրս գալ, թե ոչ, հնարավոր է նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք լինի, չեմ կարող հստակ ասել: Ոչ բոլորը կարող են վստահ լինել, որ կկարողանան անխոչընդոտ երկիրը լքել:
- Չհաջողված հեղաշրջումը, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ ազդեցություն թողեց Թուրքիայի հասարակական և քաղաքական կյանքի վրա:
- Շատ մտահոգիչ երևույթ է տեղի ունենում հիմա Թուրքիայում: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձի քննության ժամանակ հարցաքնվածների թիվը հասել է 90 հազարի: 38 հազար մարդ պետք է ազատ արձակվի, քանի որ բանտերում արդեն իսկ տեղ չկա: Դա վկայում է երկրում անկայուն վիճակի մասին: Եկեք չմոռանանք, որ Թուրքիան արտակարգ իրավիճակի մեջ է: