24/08/2016 19:19
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի` ԵՏՄ անդամ դառնալու փուչ հավակնությունը
ԵՏՄ-ն միջազգային իրավասուբյեկտիվությամբ օժտված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է: Միությունը կոչված է անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, այդ երկրների բնակչության կենսապայմանների բարձրացման, գլոբալ տնտեսության պայմաններում համակողմանի արդիականացման, կոոպերացման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար պայմաններ ստեղծելու:
Չնայած այն հանգամանքին, որ ԵՏՄ-ն նորաստեղծ կազմակերպություն է և դեռևս գտնվում է ձևավորման փուլում, սակայն շուրջ 4 տասնյակ երկիր հատուկ հետաքրքրություն են դրսևորում Միության նկատմամբ` նպատակ ունենալով գրավիչ համագործակցության ուղղություններ փնտրել: ԵՏՄ-ի հետ համագործակցության համար լայն հեռանկարներ են տեսնում Չինաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը, Վիետնամը, Կամբոջան, Իրանը, Սինգապուրը և այլ երկրներ: Հետաքրքրական է հատկապես Թուրքիայի դիրքորոշումը ԵՏՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ:
Վերջին շրջանում կարգավորելով 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցուման հետևանքով ՌԴ-ի հետ իր խաթարված հարաբերությունները՝ Թուրքիան Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի շուրթերով հայտարարում է, թե ցանկանում է միանալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը՝ առանց ԵՄ անդամակցության գործընթացին վնաս հասցնելու:
«Թուրքիան կզարգացնի համագործակցությունը այլ կազմակերպության հետ՝ պահպանելով ԵՄ-ի հետ Մաքսային միության համաձայնագիրը»,- ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը` նշելով, որ Ռուսաստանը գլխավորում է ԵՏՄ-ն, որի մեջ մտնում են Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Ինչպես տեսնում ենք, Զեյբեքչին ԵՏՄ անդամ երկրների թվում նշել է նաև Ադրբեջանին, որը, սակայն, ԵՏՄ անդամ չէ:
Ենթադրվում է, որ ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելով հանդերձ` Թուրքիայի կողմից այսպիսի հայտարարություններն ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ` պայմանավորված Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում ստեղծված լարված իրավիճակով: Թուրքիան չի կարող դիտվել որպես վստահելի գործընկեր և ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությունները ավելի շատ միֆ են հիշեցնում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և անհամատեղելի է նրա անդամակացությունը ԵՏՄ-ին:
ժամանակ, պետք է նշել, որ եթե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ համագործակցության լայն դաշտ ստեղծել, ապա պետք է կարգավորի հարաբերությունները ԵՏՄ անդամ Հայաստանի հետ, քանի որ համագործակցությունը, համապատասխան պայմանավորվածությունները և առևտրային համապատասխան ռեժիմը գործելու են ԵՏՄ ամբողջ տարածքում, որը ներառում է նաև Հայաստանի տարածքը: Այնինչ Թուրքիան տնտեսական շրջափակման մեջ է պահում Հայաստանին: