24/08/2016 18:11
ԶԼՄ. ԻՊ-ի գրոհայիններն ավելի քան 10 հազար մարդու պատանդ են պահում իրաքյան Էլ-Կիյարա քաղաքում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի պատանդ են պահում իրաքյան բանակի կողմից շրջապատված Էլ-Կիյարա քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով SkyNews Arabia հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ առնվազն 10 հազար քաղաքացի հիմնականում քաղաքի կենտրոնական թաղամասերում ներկայում բռնի կերպով պահվում են ահաբեկիչների կողմից։ Նշվում է, որ արմատականները պատրաստ են կիրառել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան՝ իրաքյան բանակի հարձակման դեպքում։
Այսօր ավելի վաղ կառավարական ուժերի հրամանատարության ներկայացուցիչները հայտնել էին, որ զորքերն ահաբեկիչներից արդեն ազատագրել են քաղաքի կենտրոնի կառավարական շենքերի համալիրը, և մինչ օրվա վերջ քաղաքը լիովին կանցնի իրաքյան բանակի վերահսկողության տակ։