24/08/2016 15:14
ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների նոր փաթեթով՝ վարորդները այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրող ընկերությունների ներկայացուցիչներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը՝ ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը:
Այն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:
Այսպիսով, փոքր վթարների դեպքում վարորդները կկարողանան ինքնուրույն հաշվել վնասը՝ չսպասելով ապահովագրական ընկերության գործակալին:
Վթարի ինքնուրույն հայտարարագրման համար նախկին սահմանափակումները գործում են: Հայտարարագրումը հնարավոր է, միայն եթե վթարում ներգրավված է ոչ ավել քան 2 մեքենա, ու եթե վարորդներից մեկը ամբողջովին ընդունել է իր մեղավորությունը:
Այդ դեպքում վարորդները պետք է անեն հետևյալը՝
1.Առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված մեքեննաները ու ստացված հարվածները,
2.Լրացնեն ու ստորագրեն համաձայնեցված հռչակագիրը,
3.Ազատեն բանուկ հատվածը:
Ինչպես նաև վթարի մասին հեռախոսով հայտնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրից տվյալներ:
Բոլոր մնացած վթարները գրանցելու է միայն Ճանապարհային ոստիկանությունը:
Այդ դեպքում վարորդները պետք է վթարի վայր հրավիրեն ՃՊԾ աշխատակցին ու հետևեն նրա ցուցումներին: Մինչև ՃՊԾ աշխատակցի ժամանելը պետք է պահպանել մեքենանների դիրքը ու վթարի հետքերը:
Վթարից հետո առնվազն 40 րոպեի ընթացքում վարորդներից յուրաքանչյուրը պետք է հեռախոսով դիմի իր ապահովագրական ընկերությանը: