24/08/2016 17:14
Կալանավորված Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաները 3 ամսով տանիք ունեն
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաներն արդեն տանիք ունեն։
«Հյուսիսային պողոտայում կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով Մազմանյանի ընտանիքը կարողացել է երեք ամսով բնակարան վարձել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Մհեր Մազմանյանի ընտանիքին օգնելու նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել էր 424 հազար դրամ:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Մհեր Մազմանյանին տեսակցել է, առողջական խնդիրներ նա չունի.
«Եթե նույնիսկ ունենա էլ, նա այն մարդկանցից է, որ երբեք չի տրտնջա»,- նշեց Մհեր Մազմանյանի փաստաբանը:
Հիշեցնենք՝ ազատամարտիկ Մհեր Մազմանյանը ձերբակալվել է հուլիսի 24-ի երեկոյան, իսկ երկու օր անց՝ կալանավորվել :
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Ըստ փաստաբանի՝ Մհեր Մազմանյանին մեղադրանք են առաջադրվել անհիմն՝ հիմնվելով միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ ունեցած հեռախոսազանգի վրա: