24/08/2016 13:41
Պերմյակովն ի սկբանե հանձված չի եղել Հայաստանին և կարող է տեղափոխվել Ռուսաստան
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ի սկզբանե հանձված չի եղել Հայաստանի Հանրապետությանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահականը:
«Պերմյակովը ի սկզբանե հանձված չի եղել Հայաստանի Հանրապետությանը: Ուղղակի դատաքննության ընթացքում իրենք գործը հանձնեցին ՀՀ՝ բազմաթիվ բանակցություններից հետո, և ՀՀ-ն հնարավորություն ստացավ, որպեսզի Պերմյակովին ՀՀ դատարանը դատի», - նշեց Լ.Սահակյանը:
Նրա խոսքով՝ Վ.Պերմյակովի պատիժը կրելու հարցը կարգավորվում է երկու պետությունների համաձայնություններով:
«Այդ հարցը կարգավորվում է երկու պետությունների համաձայնություններով: Կան շատ դեպքեր, երբ տվյալ երկրի քաղաքացին, ով դատվել է այլ երկրում, իրավունք ունի դիմելու՝ պատիժը իր երկրում կրելու համար», - նշեց իրավահաջորդի ներկայացուցիչը:
Նա նաև ավելացրեց, որ «Պերմյակովի պարագայում մի քիչ այլ է, նա արդեն իսկ հանձված չէ Հայաստանին»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ավելացրեց, որ Հայաստանի քննչական մարմիններ միջնորդություն են ներկայացրել Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու նպատակով, որը այդպես էլ չկիրառվեց:
«Նախաքննության ընթացքում մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց կիրառվի, որ քննչական մարմինը մարմինը միջնորդությամբ դիմի դատարան, բայց այդպես էլ այն չկիրրառվեց: Հայաստանի դատարանի որոշում Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին չկա: Նա շատ հանգիստ ռուսական բազայից կարող է տեղափոխվել Ռուսաստան», - նշեց Ա.Սաքունցը: