25/08/2016 12:52
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանի գործով փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանի՝ իր պաշտպանյալի կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հիմնավորմամբ է բողոքը մերժվել, Տ.Եգորյանը պատասխանեց:
«Ձեզ թվում է ես կարո՞ղ եմ պատասխանել այդ հարցին: Երեկ երեկոյան մեզ ծանուցել են, որ բողոքը մերժվել է: Ես դեռ որոշումը չեմ կարդացել, չգիտեմ մեջն ինչ է գրված, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հիմնավորում պիտի գրված լինի», - ասաց Տ.Եգորյանը:
Նա նշեց նաև, որ Արամ Հակոբյանի գործով պատրասվում է դիմել Վճռաբեկ դատարան:
Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):