25/08/2016 12:34
Արայիկ Խանդոյանի թեկնածությունը գրանցվել է Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում. ԿԸՀ
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում կայանլիք համայնքի ղեկավարի ընտրություններում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Երեկ ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածությունների գրանցումն ու տեղական ԸԸՀ-ն որպես թեկնածու գրանցել է նաև Արայիկ Խանդոյանին», - ասաց Հ.Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանն այժմ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ծաղկաովիտում գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին: