25/08/2016 16:22
Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը երրորդ անգամ հետաձգվեց
«Սասնա ծռեր» խմբին հաց տանող Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգեց:
«Դատավորը բավական երկար ընթերցում էր ու փորձում էր հասկանալ ամսի 2-ի և 4-ի մեղադրանքների տարբերությունը: Երկար ընթերցելուց հետո հասկացավ, որ դրանք տարբեր են, իսկ քննիչն ասաց, որ սանկցիաները նույնն են: Արթուր Սարգսյանը, ով ներկա էր բողոքի քննությանը, պարզաբանեց, թե դրանց տարբերությունը որն է: Հուսանք, բոլորը հասկացան ինչը ոնց է», - լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա հույս հայտնեց, որ վաղը այս գործով կլինի ճիշտ որոշում:
Փաստաբան Եգորյանը նշեց, որ Արթուր Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: «Այդ մեղադրանքի էությունը անհասկանալի է: Անհասկանալի է, թե վարույթն իրականացնող մարմինը կոնկրետ որ գործողություններն է համարում խմբին օժանդակելը», - նշեց նա:
Բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին: Արթուր Սարգսյանը ներկա է լինելու նիստին: