25/08/2016 15:30
Տնտեսական ակտիվության ցուցանիշների նվազումից չպետք է հուսահատվել. Արծվիկ Մինասյան
Օպերատիվ տվյալները վկայում են նրա մասին, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազել են, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Առաջիկայում մենք վերլուծության հիման վրա կներկայացնենք պատճառները, բայց չպետք է հուսահատվել, մենք նաև նոր աճի ուղղությունները վերլուծության հիման վրա կտանք»,- ասաց Ա. Մինասյանը:
Անդրադառնալով տնտեսությունը մոնոպոլիաներից ազատելու իրենց գործունեությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ոլորտում աշխատանքները շարունակվում են:
«Էականորեն նվազել են դժգոհությունները ներկրման առումով: Օրենսդրական նախաձեռնությունները մշակման փուլում են և դրանք երկու ամսվա ընթացքում կներկայացվեն Ազգային ժողովում»,-ասաց նա:
Կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ նոր ներկրողներ են հայտնվել հարցին Ա. Մինասյանն ասաց, թե այս պահին չկա նման ոլորտ:
«Խնդիրը ոչ այնքան ներկրողների քանակի մեջ պետք է լինի, որքան՝ որակական ցուցանիշների»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի ՀՆԱ 10% աճի մասին հայտարարությունները՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անկախության պատմության ընթացքում կիսամյակային կտրվածքով պատմականորեն ֆիզիկական ծավալով ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 168 մլն դոլար:
«Այսպիսի ցուցանիշ մենք պատմականորեն չենք ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար՝ 2013 թվականին»,- հայտարարեց նախարարը:
Այս ամենը, ըստ Արծվիկ Մինասյանի, լավատեսություն է ներշնչում.
«Որովհետև եթե ԵՏՄ անդամակցության առաջին տարիներին անորոշությունը շատ էր, ապա հիմա աստիճանաբար հաղթահարվում է և առաջիկայում ակնկալվում է, որ արտահանման աճի տեմպերն էլ ավելի են բարձրանալու»: