25/08/2016 14:07
Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով հետաձգեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը՝ մեղադրյալին դատարան չներկայացնելու պատճառով:
«Առաջին անգամ, երբ օգոստոսի 18-ին դատական նիստը նշանակվեց, ասացին, որ դատավորը չի պահանջել Սաֆարյանի ներկայությունը: Հաջորդ նիստը, որը հուլիսի 25-ին տեղի ունեցավ, ասացին, որ նպատակահարմար չեն գտնում Սաֆարյանի ներկայությունը դատարանում: Քրեակատարողականից էլ հայտնեցին, որ Գևորգին դատարան չեն տեղափոխում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Երևի վախեցել են, որ համախոհները կօգտվեն իրավիճակից և հանրահավաք կկազմակերպեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Դատարանի այս քայլը փաստաբանը որակեց միտումնավոր՝ ընդգծելով, որ կան մի շարք տեսանկարահանված փաստեր, որոնք թույլ են տալիս չեղարկել Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը:
Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):