25/08/2016 09:57
Ծաղկահովիտի գյուղապետը. Թող հլը ինքը մի հատ ապացուցի, թե ես ի՞նչ եմ անում, որ զբաղվում եմ կոռուպցիայով կամ կաշառակերությամբ: «Հրապարակ»
Ծաղկահովիտում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, ապա Խանդոյանի օգտին հրաժարված ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը մամուլում ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանին անվանել էր «ՀՀԿ-ի կամակատար», որը, որպես գյուղապետ, ոչինչ չի անում:
«Ես նախորդ ընտրությունների ժամանակ իրեն եմ սատարել, որ գյուղում փոփոխություններ լինեն, բայց գնալով ավելի վատ է աշխատում: Կաշառակերությունը, կոռուպցիան գյուղում ավելի են խորանում», - հայտարարել էր Հակոբյանը:
Պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքին՝ Երվանդ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել է. «Ինչ ասում է, ոչ մի բանն իրականության հետ չի բռնում: Միգուցե ինքը սատարել է ինձ, սակայն ես աշխատել եմ նորմալ հունով, կատարել եմ ահագին աշխատանքներ, նաև ծրագրեր ունեմ էլի աշխատելու, կաշխատենք, կընտրվենք և կանենք ամենալավն ու բարին մեր գյուղի համար»:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի՝ մեծ չափերի հասնելուն, ապա Խաչատրյանը հարց ուղղեց իրեն մեղադրողին. «Թող հլը ինքը մի հատ ապացուցի, թե ես ի՞նչ եմ անում, որ զբաղվում եմ կոռուպցիայով կամ կաշառակերությամբ: Շա՜տ սխալ արտահայտություններ է կատարել»:
Նշենք, որ Խաչատրյանը կրկին համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի կողմից: