25/08/2016 20:30
Ընդլայնվում են ՀՀ ԱԻՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հեռանկարները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Համլետ Հակոբյանը հյուրընկալեց Կովկասի հակամարտությունների և հետկոնֆլիկտային հարցերի կարգավորման տարածաշրջանային խորհրդական Քրիստոֆեր Ջոյսին (նստավայրը Թբիլիսի) և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման նպատակն էր ԱԻ ոլորտում համագործակցության հետագա քայլերի և ծրագրերի քննարկումը:
Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը ներկայացրեց ԱԻ նախարարության կազմավորման պատմությունը, կառուցվածքը, նախարարության կազմում գործող կառույցներն ու ստորաբաժանումները, դրանց գործառույթները և ձեռքբերումները: Ձեռքբերումների շարքում նա մասնավորապես առանձնացրեց հայկական ՔՈՓ (քաղաքային որոնողափրկարարական թիմ) թիմերի՝ INSARAG անդամ դառնալու փաստը և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի միջազգային նշանակությունը:
«ԱԻ նախարարության ուղղությունները բազմավեկտոր են, բայց խնդիրը մեկն է՝ ազգաբնակչության անվտանգությունը», - շեշտել է Հ. Հակոբյանը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզը կարևորեց դեսպանատան ռազմական կցորդի և ԱԻ նախարարության հարաբերությունները՝ ընդգծելով, որ դեսպանատան աշխատակազմը միշտ շեշտում է նախարարության ժամանակակից հագեցվածությունը:
Շնորահակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կովկասի հակամարտությունների և հետկոնֆլիկտային հարցերի կարգավորման տարածաշրջանային խորհրդական Քրիստոֆեր Ջոյսը նշել է, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ:
«Ես վստահ եմ, որ ԱԻ նախարարությունը մեծ ցանկություն ունի համագործացկել մեզ հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Արդյունավետ փոխգործակցության համար մեզ անհրաժեշտ է միայն ճանաչողական այցերի բնույթը փոխել գործնականով ու հստակեցնել առաջնային և թիրախային ուղղությունները», - ասել է Ք. Ջոյսը:
Այցի ավարտին հյուրերն այցելեցին նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի ուղեկցությամբ նրանք շրջել են նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և ծանոթացան ընթացիկ աշխատանքներին: ՃԿԱԿ պետը ներկայացրել է նաև կենտրոնի գործունեությունը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման լայն հնարավորությունները: