25/08/2016 14:27
Հայաստանն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:
«Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել թե Իրան-ԵԱՏՄ, թե այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի և այլ երկրների հետ», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Կա արդյո՞ք ԵԱՏՄ հանձնաժողովի ու Իրանի հետ համաձայնություն՝ կապված ազատ առևտրային գոտու ստեղծման հետ հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, թե այդ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա:
«Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածություն ունենալն է: Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է», - նշեց նա:
Գոտու ստեղծման ժամկետը նախարար Մինասյանը դժվարացավ նշել, սակայն շեշտեց, որ այժմ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել: «Որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար», - ընդգծեց Ա. Մինասյանը:
Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված:
«Հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով և դրա կարիքն էլ չկա», - ասաց նախարար Մինասյանը: