25/08/2016 17:32
Իրանի ՊՆ. Ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրի կարիքը չունենք
Ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրի կարիքը չունենք, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ռուս-իրանական ռազմական համագործակցությանը, մասնավորապես, ասել է. «Երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու գործում S-300 զենիթահրթիռային համակարգի կարիքն ունեինք, դա գնեցինք Ռուսաստանից, այլևս S-400 համակարգի կարիքը չունենք»:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով ռուսական Su-30 կործանիչների ձեռք բերման հնարավորությանը, պատասխանել է. «Su-30 կործանիչները մարտավարական առումով հարմար են, այդ կործանիչների ձեռք բերման հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ և բացասական պատասխան չենք ստացել»:
Իրանական «ԹԱՍՆԻՄ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին, անդրադառնալով ռուս-իրանական համագործակցությանը, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու հարցում որևէ խոչընդոտ չկա: Տարիներ ի վեր Իրանը Ռուսաստանի զինտեխնիկա է գնում: Մասնավորապես, զինված ուժերն ու ոստիկանությունն օգտագործում են Mi-17 մոդելի ուղղաթիռները: Բացի այդ՝ Իրանը վերջերս Ռուսաստանից S-300 զենիթահրթիռային համալիր է գնել»: