25/08/2016 13:19
Պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկել. Հովիկ Աբրահամյան
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը կառավարությունից թույլվություն խնդրեց նախարարության համար գնման գործընթաց կազամակերպելու համար:
Նրա խոսքով` նախարարության 2016 թվականի կարիքները բավարարելու նպատակով գնման գործընթաց իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում կազմեին և հաստատեին գնման հայտ։
«Սակայն նախարարության կողմից իրականացվելիք որոշ ծրագրերի մասով, մասնավորապես՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «Հայաստանի Հանրապետություն մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը», - կառավարության ասյսօրվա նիստում հայտարարեց Արսեն Քարամյանը:
Փոխնախարարը նշեց, որ նշված որոշման պահանջի չպահպանման համար հիմք է հանդիսացել ծրագրերում ներգրավված մասնակիցների որակավորման չափանիշների մասով պահանջվող փաստաթղթերի և տեխնիկական միջոցների անկոպլեկտայնությունը, առանց որի հնարավոր չէր տեխնիկական բնութագրերում ներառել մատուցվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ:
«Նախարարության կողմից առ այսօր նման իրավիճակ չէր ստեղծվել, և այդ ծրագրերի իրականացումն ունի խիստ կարևոր նշանակություն նախարարության բնականոն գործունեության ապահովման համար», - շեշտեց Ա.Քարամյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ, կարծում է, այստեղ նախարարությունը բացթողում ունի: «Պետք է լուրջ զբաղվեք և մրցութային ժամկետները չխախտեք: Հիմա մենք նախադեպը չունեցող որոշում ենք կայացնում, հաջորդ անգամ չի լինելու նման որոշում: Պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկել», - նշեց Հովիկ Աբրահամյանը: