25/08/2016 14:57
ՄԻՊ-ը լուծել է հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի ջրի հարցը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ քննարկել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի ջրի հարցը:
«Ջրի հարցը մենք բարձրացրել ենք ու լուծել հաստատության աշխատակազմի հետ: Ընդհանուր առմամբ, մեր վերջին տեսակցության ժամանակ Ղուկասյանի վիճակը բավարար էր», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
«Մենք մշտապես հանդիպում ենք Անդրիաս Ղուկասյանի հետ, ուսումնասիրում նրա բժշկական փաստաթղթերը, խոհրդակցում բժիշկների հետ: Պարոն Ղուկասյանը ՔԿՀ-ի պայմանների ու վերաբերմունքի առումով որևէ դժգոհություն չի ունեցել», - նշեց Արման Թաթոյանը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Անդրիաս Ղուկասյանն արդեն 25 օր է՝ հացադուլ է հայտարարել: Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց Ղուկասյանի փաստաբանների՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):