25/08/2016 14:26
Ավագ դպրոցում աշակերտն ինքն է ընտրելու իր նախընտրած երեք առարկան. Նարինե Հովհաննիսյան
Ավագ դպրոցում, մասնավորապես 12-րդ դասարանում, երկրորդ կիսամյակում աշակերտը հնարավորություն կունենա ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք առարկա՝ միասնական քննություններին մասնակցելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Ուզում եմ նշել, որ ավագ դպրոցների ուսումնական պլանում փոփոխություններ ենք կատարել, հատկապես 12-րդ դասարանում, որտեղ երկրորդ կիսամյակում երեխան հնարավորություն կունենա ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք առարկա, որով ինքը պետք է մասնակցի միասնական քնություններին», - նշեց Ն.Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քննարկումներ են ընթանում ավարտական քննությունների կրճատումների վերաբերյալ:
«Պետք է ասեմ, որ ավարտական քննությունների կրճատումներ նույնպես կլինեն: Հենց հիմա քննարկվում են վերջնական հարցերը: Հնարավոր է կմնան մաթեմատիկան, հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները», - ասաց ՀՀ ԿԳՆ վարչության պետը:
Վերջինս նաև ավելացրեց, որ հնարավորություն կտրվի սովորողներին 12-րդ դասարանի ավարտական քննությունները միասնականով չհանձնելու դեպքում, այդ քննությունները հանձնել դեկտեմբերին: