25/08/2016 16:11
Արտեմ Ասատրյանը Ռումինիայում կքննարկի սոցիալական պաշտպանության ոլորտը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օգոստոսի 24-ին Ռումինիայի աշխատանքի,ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարի հրավերով եռօրյա այցով մեկնել է Ռումինիա, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախարարը կծանոթանա Ռումինիայի սոցիալական պաշպանության ոլորտին, մասնավորապես՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, համայնքային զարգացման ծառայություններին: Կքննարկվեն երկու երկրների միջև հետագա համագործակցության ուղիները և փորձի փոխանակման շրջանակները:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարության պետական քարտուղարի, երեխաների իրավունքների և որդեգրման ազգային մարմնի նախագահի հետ, հանդիպումներ կլինեն նաև քաղաքացիական հասարակության և համայնքների ներկայացուցիչների հետ:
Նախարար Արտեմ Ասատրյանի հետ Ռումինիայում են գտնվում նաև ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: