25/08/2016 12:24
Թուրքական զինուժի առկայությունը Սիրիայում խորքային խնդիրներ չի լուծում. Սարգիս Գրիգորյան
Սիրիական Ջերաբլուսի շրջանում Թուրքիայի իրականացրած հրետակոծությունն ու թուրքական զորքերի մուտքն այդ երկիր անսպասելի չէր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետ Սարգիս Գրիգորյանը:
«Այս ռազմական գործողությունները երկար ժամանակ պլանավորված էին: Դրանց նպաստեց նաև Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը: Թուրքական զինուժի առկայությունն այստեղ խորքային խնդիրներ չի լուծում, հատկապես եթե հաշվի առնենք, որ զորքերի քանակն ու խնդիրները հիմա այլն են: Այս փուլում նրանք փորձում են վերացնել թուրքական սահմանին գտնվող ահաբեկչական կառույցները», - նշեց Ս.Գրիգորյանը:
Վերջինս ընդգծեց, որ այդ քայլը մի քանի նպատակ ուներ, որից մեկը պաշտոնական Դամասկոսին հարված հասցնելն էր:
«Կան տարածքներ, որոնք արդեն երկար ժամանակ սիրիական իշխանությունը չի վերահսկում, հիմա դրանց թվին ավելացավ ևս մեկը, որն այժմ գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ», - նշեց նա:
Ս.Գրիգորյանի կարծիքով, Թուրքիայի նման պահվածքը ուղղված է նաև տարածաշրջանում քրդերի ակտիվության նվազեցմանը, որպեսզի նրանք հնարավորություն չունենան շարժվել դեպի Արևմուտք:
Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է ԴԱԻՇ հսկողության տակ։