25/08/2016 15:36
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է korrespondent.net-ը:
Սպանվել են նաև հարձակում իրականացրած երկու գրոհայինները: Այժմ համալսարանն ամբողջությամբ ազատվել է հարձակվողներից:
Համալսարանի շենքի վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին: Շենքի մոտակայքում նախ հզոր պայթյուն է լսվել, իսկ այնուհետև շենքի ներսում, և դրսից կրակոցներ են սկսվել:
Համալսարանի շատ ուսանողներ և դասախոսներ արգելափակված են մնացել լսարաններում: Շենքի ազատագրման գործողությունը տևել է մոտ 10 ժամ:
Քաբուլի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ հաջողվել է փրկել 750 ուսանողի և համալսարանի աշխատակիցներին: Վիրավորվել է 35 ուսանող և 9 ոստիկան:
Մահացածների թվում են համալսարանի անվտանգության երեք աշխատակից և երեք ոստիկան: