25/08/2016 18:46
Ինդիանա նահանգին պատուհասել են կործանարար տորնադոներ
Երեք ուժեղ տորնադո է տեղի ունեցել ամերիկյան Ինդիանա նահանգի կենտրոնական մասում, որի հետևանքով լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, մոտ 15-20 մարդ է տուժել, հայտնում է РИА Новости-ն հղում անելով CNN-ին:
Նահանգի ոստիկանության տվյալներով՝ տուժածները Հուարդի շրջանի բնակիչներ են:
«Արձանագրված վնասվածքներն այս պահին թեթև են, նրանց մեծ մասը թռչող առարկաների հարվածների հետևանք»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Քոքոմոյի քաղաքապետ Գրեգ Գուդնայթը հայտնել է, որ աղետը «լուրջ վնաս է հասցրել ունեցվածքին»:
«Ես գտնվում եմ բնակելի թաղամասում, այստեղ ավերված են բազմաթիվ տանիքներ, կոտրվել են ապակիներ, չկա էլեկտրականություն: Սա զգալի վնաս է: Այս պահին ես տեսնում եմ 50 վնասված տուն, և մենք դեռ շարունակում ենք ստուգել»,-ասել է նա:
Հաուարդ շրջանում և Քոքոմո քաղաքում ժամանակավորապես հայտարարվել է արտակարգ դրություն: