26/08/2016 12:50
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց ազատ արձակելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանին ազատ արձակելու միջնորդությունը:
«Վերաքննիչ բողոքը ամբողջությամբ մերժվեց, նաև՝ բողոքի մասով: Մենք գրավի չափը չէինք հստակեցրել՝ թողնելով դատարանի հայեցողությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Փաստաբանը նշեց, որ հնարավոր չէ որևէ քրեաիրավական գնահատականի արժանանցել Արթուր Սարգսյանի՝ ոստիկանական պատնեշն ինչ-որ կերպ շրջանցելը:
Բողոքարկվելո՞ւ է դատարանի որոշումը հարցին փաստաբան Գյուրջյանը պատասխանեց, որ կբողոքարկի Վճռաբեկ դատարան:
«Ներպետական ատյաններ սպառելուց հետո, հնարավոր է, դիմենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,-նշեց նա:
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է:
Նախկինում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է ոչ թե վերը նշված հոդվածներով, այլ՝ այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու մեջ: