26/08/2016 09:40
ՏԻՄ ընտրությունները լարված են լինելու նաև Ուջան գյուղում
«Հրապարակի» փոխանցմամբ՝ ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս լարված են լինելու նաև Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Գործող գյուղապետը, որը նաև հեքիմ է, վայելում է թալինցի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի աջակցությունը։ Նա այս անգամ դաշնակցական մրցակից ունի՝ ի դեմս Նաիրի Կիրակոսյանի։
Շենավան համայնքում միանգամից 5 թեկնածու է առաջադրվել, գործող գյուղապետի մոտ անակնկալ հիվանդություն է ի հայտ եկել, նա չի առաջադրվի, բայց աթոռի վրա աչք ունեցողների պակաս չի զգացվում։ «Երևի կարծում են՝ մեղր են բաժանում, էլ չգիտեն, թե ինչքան հոգս ու ցավ կա»,-թերթի հետ զրույցում կատակել է դեռևս գյուղապետ Աշոտ Ղազարյանը։
Այստեղ կպայքարեն երեք անկուսակցական և մեկական ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական թեկնածուներ։ Փոխարենը Արմավիրի համանուն գյուղում 35-ամյա գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանը 4-րդ անգամ կստանձնի համայնքի ղեկը։ Նա 25 տարեկանից գյուղապետ է աշխատում, բարձրագույն կրթություն չունի, բայց այս անգամ էլ մրցակից չունի։