26/08/2016 09:53
ՀՀԿ թեկնածուն՝ իր օգտին զորամասում քարոզչություն անելու մասին
Վանաձորից «Հրապարակը» լուրեր է ստացել, որ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քարոզչություն է իրականացվում «Դուց» զորամասում, ինչը, բնականաբար, օրենքով արգելված է։
Թեկնածուն թերթի լրագրողի հարցից զարմացել է՝ նշելով, որ դա այնքան «չկառավարվող» պրոցես է, որ ինքը չգիտի, թե ով ինչ է խոսում։ «Մենք կոնկրետ չենք անում նման բան, որն օրենքով արգելված լինի, ուրիշների պես քարոզարշավ չենք սկսել՝ քարոզարշավը դեռ չմեկնարկած»,-անուններ չտալով՝ մրցակիցներին խայթել է ՀՀԿ-ականը։
«Ամենահարմար» թեկնածու լինելը բավարա՞ր է հաղթանակ տանելու համար, լրագրողի հիշեցմանը, որ գործող քաղաքապետն այդպես է արտահայտվել իր մասին, Ասլանյանը վրդովված պատասխանել է․ «Մարդ ա՝ մի բան ասել ա, հիմա ոնց որ Աբեղյանի բառարանից ա ասել, էդ պահին, հիմա էսօր էլ ասում ա՝ ամենաուժեղը Մամիկոնն ա»։
Մտավախություն չունի՞, որ վանաձորցին այս անգամ էլ ձայնը կտա ընդդիմադիրներին, ինչպես 2012-ի ընտրություններին, երբ ՀՀԿ անդամ դարձած Դալլաքյանը պարտվեց անհայտ անկուսակցական Էդմոն Մարուքյանին։
«Ես էլ եմ ընդդիմադիր... բոլոր ընդդիմադիրներին, ես ընդդիմադիր եմ չարին, կեղծիքին, պարտությանը, լուսավորությանը, որը քողարկված է մթի տակ»,- բանաստեղծորեն թվարկել է թեկնածուն՝ վստահեցնելով, որ կկարողանա ՀՀԿ-ի ներսում պոզիտիվ սերնդափոխություն իրականացնել, ցույց տալ, որ հնարավոր է ամեն ինչ փոխել՝ առանց հեղափոխական լուծումներ առաջարկելու։