26/08/2016 14:50
Իտալիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկրաշարժի ժամանակ ողջ մնացած 238 մարդու
Իտալիայի կենտրոնական մասում լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական գործողություն իրականացնող փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած 238 մարդու, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Իմակոլատա Պոստիլիոնեն:
Նրա խոսքով՝ 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, ևս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ տարերային աղետի զոհ Է դարձել 267 մարդ, 387 տուժածներ այժմ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում: Առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ զոհերի թիվը հասնում Է 207-ի:
Պաշտոնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ամատրիչեում ավերակներից դուրս են բերել ևս մեկ զոհվածի մարմին և, այսպիսով, զոհերի թիվը հիմա 268 է: