26/08/2016 11:42
Կուբան և ԱՄՆ-ն վերականգնում են կանոնավոր ավիահաղորդակցությունը
ԱՄՆ-ի և Կուբայի միջև վերջին կես դարում առաջին ուղիղ կանոնավոր չվերթը օգոստոսի 31-ին կիրականացվի JetBlue ամերիկյան ընկերության կողմից, ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլից (Ֆլորիդայի նահանգ) կժամանի Սանտա Կլարա, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կուբայի տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռոդրիգեսին:
«Կանոնավոր թռիչքների վերսկսումը դրական քայլ է և ավանդ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերել է Globovision ալիքը:
Այդ թռիչքն ԱՄՆ-ի և Կուբայի միջև առաջին կանոնավոր չվերթը կդառնա 1963 թվականից ի վեր: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ չվերթների օրական ընդհանուր թիվը կարող է հասնել 110-ի:
ԱՄՆ-ը և Կուբան 2014 թվականի վերջին հայտարարել են հարաբերությունների աստիճանական նորմալացման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին: Անցած ժամանակաշրջանում երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ը նաև թուլացրել է Կուբայի դեմ սահմանված առանձին պատժամիջոցներ, թեև արդեն ավելի քան կես դար գործող առևտրական էմբարգոն դեռևս ուժի մեջ է մնում: