26/08/2016 09:36
Կառավարությունը ցանկանում է փոփոխել օրենքը, որ կարողանա նոր պարտքեր կուտակել
2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում, «Հայկական ժամանակի» ունեցած տեղեկություններով, քննարկվում է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Իսկ փոփոխությունը սկզբունքային է։
«Խնդիրն այն է, որ նշված օրենքով, եթե մեր պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պետք է կրճատի ծախսերը, և պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը։ Մեր պետական պարտքի ցուցանիշը ընդհուպ մոտեցել է այդ ցուցանիշին և շարունակում է անշեղորեն աճել։ Եվ կառավարությունը ցանկանում է բարձրացնել օրենքով սահմանված այդ 50 տոկոսի շեմը, որ կարողանա նոր պարտքեր կուտակել։
Ներկայում մեր պետության պարտքը արդեն գերազանցում է 5 միլիարդ դոլարը և տնտեսության վիճակի կտրուկ հեռանկարներ չեն երևում։ Ուստի միակ տարբերակը, որ կառավարությունը բյուջեի չաճող եկամուտների պայմաններում կարողանա իրականացնել նախատեսված ծախսերը՝ պետական պարտքի ավելացման՝ օրենքով սահմանված շեմի փոփոխությունն է։
Նկատենք, որ այսպիսի փոփոխություն կատարելու համար կառավարությունը պետք է ստանա միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնությունը: Թե ինչպես կլինի ԱՄՀ-ի արձագանքը, դժվար է ասել»,-գրել է թերթը։