26/08/2016 10:30
Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2015-16թթ․ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Ռոնալդուն, ով նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն, շրջանցել է ակումբային թիմակից Գարեթ Բեյլին և «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։
Իսպանիայի 2015-16թթ․ առաջնությունում Ռոնալդուն խփել է 35 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում, Չեմպիոնների լիգայի 2015-16թթ․ խաղարկության 12 խաղում խփել է 16 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում, իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Քվեարկությանը մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների մարզական լրագրողները։
Լավագույն տասնյակում էին Ջանլուիջի Բուֆֆոնը (դարպասապահ, «Յուվենտուս», Իտալիա), Թոնի Կրոսը (կիսապաշտպան, «Ռեալ», Գերմանիա), Լիոնել Մեսսին (հարձակվող, «Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլլերը (հարձակվող, «Բավարիա», Գերմանիա), Մանուել Նոյերը (դարպասապահ, «Բավարիա», Գերմանիա), Պեպեն (պաշտպան, «Ռեալ», Պորտուգալիա), և Լուիս Սուարեսը (հարձակվող, «Բարսելոնա», Ուրուգվայ)։