27/08/2016 23:51
Երիտասարդությանը պակասում է արևմտյան մոդելի կրթությունը. Սերժ Սարգսյան
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում երեկոյան այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` Նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու:
«Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները», - դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Հանրապետության Նախագահը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով:
Հանդիպման ավարտին Նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը: