27/08/2016 23:53
Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:
Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում:
Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ և ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական և հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից և սփյուռքից: Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սևան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երևանից, Հանրապետության մարզերից և սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը: