27/08/2016 09:56
Ոստիկանները գլխի չէին ընկել, որ ոչ թե ցույցի են եկել, այլ մարզիկների դիմավորման արարողության. ՀԺ
Ռիո 2016-ում մեդալներ նվաճած հայ մարզիկները Երևան ժամանեցին երեկ կեսգիշերին։ «Միհրան՝ չեմպիոն», «Արթուր՝ չեմպիոն», «Սիմոն», «Գոռ» վանկարկումներով ու մեդալակիրների նկարներով պաստառներով մարզասերները նրանց ուղեկցեցին դուրս։ Արթուրին ու Միհրանին ընկերները տարան ուսերի վրա։
«Հրավառությունից հետո մարզիկները նստեցին իրենց համար նախատեսված երկհարկանի ավտոբուսը։ Երկրորդ հարկից մի փոքր երկրպագուների հետ շփվելուց հետո (շփվելու հարցում ավելի ակտիվ էր Միհրանը) նրանք ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
Այս ամենը լուսաբանելու հարմարավետ պայամններ էին ստեղծված միայն «Կենտրոն TV»-ի լրագրողի համար, որը նույնիսկ ավտոբուսի երկրորդ հարկում մեդալակիրներից հարցազրույցներ վերցնելու հնարավորություն ունեցավ։ Մյուս լրատվամիջոցները բառացիորեն պայքարում էին ոստիկանների հետ, որոնք ըստ երևույթի, գլխի չէին ընկել, որ ոչ թե ցույցի կամ հանրահավաքի են եկել, այլ մարզիկների դիմավորման արարողության։ Սովորության համաձայն՝ նրանք հրում էին լրագրողներին՝ խանգարելով նրանց աշխատանքը», - գրել է «Հայկական ժամանակ»-ը։