29/08/2016 15:19
Արամ Մանուկյանին, հավանաբար, կվիրահատեն վաղը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին, ում այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, հավանաբար կվիրահատեն վաղը:
«Հետազոտություններ է անցել, բայց, որքան հասկանում եմ, այսօր չեն վիրահատելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Արամ Մանուկյանի վիճակը նորմալ է. «Ինչպես միշտ խրոխտ, տրամադրությունն էլ՝ մարտական»,-փոխանցեց Հարություն Բաղդասարյանը:
Արամ Մանուկյանը, հիշեցնենք, ոտքի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: