29/08/2016 18:18
ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ կանխելու հանցավոր խմբավորումների կողմից զանգվածային ոչնչնացման զենքերի ձեռքբերումը. Արտակ Զաքարյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը օգոստոսի 29-30-ը Աստանայում մասնակցում է «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Արտակ Զաքարյանը նշել է՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` մեծապես կարևորում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում օրենսդրական և քաղաքական շրջանակի առկայությունը, ինչն անհրաժեշտ է միջազգային մեխանիզմների ու անվտանգության ապահովման համար` կոչված սահմանափակելու միջուկային զենքերի տարածումը` միջազգային արդյունավետ վերահսկողության ներքո:
«Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը վերաբերող պայմանագրերի և կարգերի հանընդհանուր կիրառումը` դրանք դիտարկելով որպես գործիքային մեխանիզմներ` ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միավորել ջանքերը տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և միջազգային մակարդակներում` դրանց համապարփակ իմպլեմենտացման համար: Որպես այս մեխանիզմների աջակից` մենք մեծապես կիսում ենք միջուկային զենքից ազատ գոտիների հիմնման գաղափարը», - իր ելույթում ասել է Արտակ Զաքարյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շեշտել է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` ամրապնդելու առկա ազգային և վերազգային իրավական և քաղաքական պարտադիր գործիքները` նպատակ ունենալով կանխել ահաբեկչական կամ այլ հանցավոր խմբավորումների կողմից զանգվածային ոչնչնացման զենքերի ձեռքբերումը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում նաև Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացմանը:
« Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և միջազգային գործընկերների հետ հիմնավոր խորհրդակցությունների անցկացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ: Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները դրա անվտանգության ու ապահովության պահպանման համար», - նշել է նա:
Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ ոչ մի պետություն միայնակ չէ միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու իր գործում:
«Գլոբալ զրո» կոչված վերջնանպատակը հնարավոր է միայն բոլոր պետությունների համագործակցության և հանձնառության դեպքում: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը ժամանակակից, առավել հզոր և ավերիչ միջուկային զենքերի դեմ պայքարի գործում` ի նպաստ աշխարհի խաղաղության», - եզրափակելով ելույթն՝ ասել է Ա. Զաքարյանը: