29/08/2016 13:55
Գալուստ Սահակյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վայլերին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում:
Խորհրդարանի ղեկավարն արևրորել է ՀՀ Ազգային ժողովի և Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նար տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը:
Գալուստ Սահակյանը կարևոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար:
«Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Ալբերթ Վայլերը հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Բունդեսթագի պատգամավորը ևս կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պարոն Վայլերի օժանդակությամբ կշարունակվի և առավել կզարգանա Գերմանիայի և Հայաստանի ավանդական ջերմ համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: