29/08/2016 15:46
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի անդամներին
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորել է կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկել են փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրել է ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորել է Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրել է ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։