29/08/2016 16:59
Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը։
Նախ դատական նիստին ուշացած ներկայացավ դատախազը, ապա՝ պաշտպանը, իսկ տուժողներից ներկա էր միայն Կարեն Բաղրամյանը։ Մյուս կուրսանտների վերաբերյալ գրություն էր ուղարկվել դատարան, համաձայն որի՝ նրանք գտնվում էին ուսումնական արձակուրդում և չէին ներկայանալու դատական նիստին։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: