29/08/2016 16:29
Դատարանն ազատ արձակեց «Զվարթնոցից» բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ժամանակավոր ընտրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Նշենք, որ միջնորդություն էր ներկայացվել նրան 40 օրով կալանավորել:
Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ գոհ է դատարանի որոշումից:
Իր հերթին, նրա կինը՝ Յուլյա Միրոնովան նշեց՝ Հայաստանն ապացուցեց, որ Ռուսաստանի լավ բարեկամն է: Նա նաև հայտնեց, որ վերադառնալու են Ռուասատան:
«Սակայն մենք անպայման կգանք Հայաստան, որ այստեղ անցկացնենք մեր հանգիստը», - նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը:
Նա 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ս.Միրոնովը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: