29/08/2016 11:15
Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հոսպիտալացվել է: Այդ մասին ասված է Ուզբեկստանի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը և հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:
Պաշտոնական աղբյուրները չեն ճշտում, թե ինչի համար է Ուզբեկստանի նախագահին բուժօգնություն պահանջվել:
Սովորաբար Քարիմովի առողջական վիճակի մասին նրա գլխավորած երկրում պաշտոնական հայտարարություններ չեն արվում: Մինչ այժմ այդ մասին հայտնում էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ները:
Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը գլխավորել է 1989 թվականին՝ զբաղեցնելով Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Նա երկրի նախագահ է ընտրվել 1990 թվականի մարտի 24-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նստաշրջանում: