30/08/2016 10:07
Եթե «Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է, նշանակում է՝ Հայաստանն է պարտք. «Ժողովուրդ»
Ռուսական «Լայֆ» կայքի՝ երեկ հրապարակած նյութի համաձայն, «Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52.3 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ «Երևան ՋԷԿ»-ի սեփականատերը ՀՀ կառավարությունն է։ Ու եթե այդ ընկերությունը ռուսական «Գազպրոմին» պարտք է, նշանակում է, որ Հայաստանն է պարտք։ Հիշեցնենք, որ 2013-ի աշնանից սկսած ՀՀ կառավարությունը մեկը մյուսի հետևից հարյուրավոր միլիոն դոլարներ և համարժեք գույք հատկացրեց՝ իբր «Գազպրոմի» հանդեպ ունեցած 300 մլն դոլարի պարտքը մարելու համար։
«Ժողովուրդ»-ը «Գազպրոմ-Արմենիա»-ից փորձել է պարզել, թե ինչ պարտքի մասին է խոսքը և ինչպես է այն գոյացել։
Թերթի հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը պատասխանել է.«Հարցը առնչվում է երկու տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրից ծագած պարտականությունների կատարմանը։ «Երևան ՋԷԿ»-ը իր պարտավորությունների զգալի մասը կատարել է։ Վճարային պարտավորությունների մնացած մասի մարման եղանակների շուրջ, իմ տեղեկություններով, ընթանում են համապատասխան քննարկումներ»։