30/08/2016 16:14
Արամ Մանուկյանի և Աշոտ Պետրոսյանի վիրահատություններն ավարտվել են
«Էրեբունի» ԲԿ-ում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը, նրա վիճակը բավարար է:
«Սա Արամի վիրահատության վերջնական փուլն էր, կատարվել է հատուկ մետաղական հարթակով ոսկրերի ֆիքսում, վիճակը բավարար է», - լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանը դեռ մի քանի օր կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի բժիշկները հետևեն և նվազեցնեն բարդությունները, որը կարող է առաջանալ ցանկացած վիրահատությունից հետո:
Արդյոք հաշմանդամության վտանգ կլինի՞ հարցին ի պատասխան Միքայել Մանուկյանն ասաց, որ նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում. «Արամ Մանուկյանի մոտ մենք դա չենք սպասում, որովհետև վիրահատությունն անցել է պլանավորածին համաձայն»:
Այսօր, բացի Արամ Մանուկյանից, «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:
«Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն ավարտվել է: Տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Կատարվել է վերջնական ֆիքսացիա», - նշեց Միքայել Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 1-2 օր հետո Աշոտ Պետրոսյանին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»: