30/08/2016 13:38
Արամ Մանուկյանի ոսկրային մասով վիրահատությունն անցել է առանց բարդությունների
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի ոսկրային մասով վիրահատությունն արդեն ավարտվել է:
«Բայց վիրահատությունը դեռ ամբողջական չի ավարտվել: Այս պահին իրականացվում է մկանային վիրահատությունը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ մոտ կես ժամից, արդեն, ամբողջական վիրահատությունը կավարտվի:
Հարություն Բաղդասարյանը փոխանցեց, որ Արամին չի տեսակցել, խոսել է միայն բժշկի հետ: «Ասաց, որ նորմալ, առանց բարդությունների է անցել ոսկրային մասով վիրահատությունը», - նշեց Արամ Մանուկյանի փաստաբանը:
Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» երեկ էին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտության:
Նա ոտքի հրազենային վիրավորում էր ստացել հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: