30/08/2016 15:06
Ոչինչ չկարողացավ ասել, միայն ժպտաց. Արամ Մանուկյանի մայրը երեկ տեսել է որդուն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի մայրը երեկ տեսել է որդուն, բայց խոսել որդու հետ՝ նրան չի հաջողվել:
«Հիվանդանոցի միջանցքում եմ տեսել, բայց չեմ հասցրել խոսել, շատ արագ էին տանում, հազիվ հասցրել եմ ձեռքը բռնել: Տրամադրությունը բարձր էր, բայց ոչինչ չկարողացավ ասել, միայն ժպտաց», - լրագրողների հետ զրույցում ասաց Մարինե Մանուկյանը:
Արամ Մանուկյանի մայրը նշեց՝ լավ իմանալով որդուն՝ նա գնալու էր այս քայլին: «Ինքը շատ հայրենասեր է: Արամը հայրենիքը տեսնում էր որպես ազատ, անկախ և միացյալ, ծովից ծով Հայաստան, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ էր», - մայրը:
Մարինե Մանուկյանը շեշտեց՝ որդու գործողություններից և հպարտություն է զգում, և սրտի մեծ ցավ: «Ամեն ինչ զգում եմ, և հուզմունք, բայց, ամենաշատը, հպարտություն», - ասաց նա:
Արամ Մանուկյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատության է ենթարկվել: Նա ոտքի հրազենային վիրավորում էր ստացել հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Արամ Մանուկյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: