30/08/2016 18:43
ՄԱԿ. Եմենում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը
Եմենում չդադարող զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ: Ինչպես հայտնում է ТАСС-ն այս մասին հայտարարել է այդ երկրում ՄԱԿ-ի՝ Հումանիտար հարցերի կոորդինացման վարչության (ՀՀԿՎ) ներկայացուցիչ Ջեյմի Մաքհոլդրիքը:
Նրա խոսքով, որը մեջբերում Է Reuters գործակալությունը, նոր տվյալները հիմնված են Եմենի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության վրա: Մաքհոլդրիքն ընդգծել է, որ իրականում այդ թիվը կարող է անհամեմատ ավելի մեծ լինել, քանի որ երկրի շատ շրջաններում հիվանդանոցներ չկան, իսկ զոհվածների հարազատները հաճախ հուղարկավորություններն անցկացնում են առանց իշխանություններին տեղեկացնելու:
Եմենի իշխանությունների և շիա հուսի-ապստամբների միջև դիմակայությունն ակտիվացել է 2014 թվականի օգոստոսին: 2015 թվականի հունվարին խռովարարները գրավել են Սանան, իսկ հակամարտությունն ամենաակտիվ փուլ է մտել դրան 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջամտությունից հետո: Ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցներում նշվում էր հակամարտության ավելի քան 6 հազար զոհերի մասին: